10 September 2015

Լիվինգսթոն Լարնեդի «Հոր զղջումը» (վերլուծություն)


Կարդացի Լիվինգսթոն Լարնեդի  «Հոր զղջումը» պատմվածքը և ահա, թե ինչ եմ մտածում։ Բոլոր մեծերն էլ ժամանակին արել են այն սխալները, ինչ մենք ենք հիմա անում։ Բայց նրանք իրենց այնպես են պահում, կարծես կատարյալ են և երբևէ սխալներ թույլ չեն տվել։ Ու կապ չունի, թե քանի տարով է այդ մարդը քեզանից մեծ, նա միշտ էլ քեզ վերևից կնայի և իրեն այնպես կպահի, կարծես երեխայի հետ է խոսում։ Այդպիսի մարդիկ շատ են, ովքեր տարիքով են որոշում իրենց մեծ լինելը, բայց դա այդքան էլ ճիշտ չէ։ Իսկ կան մարդիկ, ովքեր քեզ հետ շփվում են հավասարի նման, և դու երբեք քեզ ճնշված չես զգում նրանց ներկայությամբ։ Ինձ դուր են գալիս խելքը գլխին մարդիկ, նրանք, սովորաբար, նաև հումորով են և ամենակարևորը՝ չեն վախենում երեխայական բաներ անելուց։ Միշտ պետք է հոգով երեխա մնալ, բայց հիմարի նման չպահել քեզ։ 

Ծնողները միշտ մեզանից ինչ-որ բան են սպասում, քանի որ այդքան բան են անում մեզ համար։ Իսկ, երբ մենք ոչինչ  չենք անում, նրանք հուսահատվում են, դառնում ավելի չոր ու ջղային, որովհետև մենք չարդարացրեցինք նրանց սպասելիքները։ Բայց փոքր երեխան ինչպե՞ս կարող է ինչ-որ բան արդարացնել։ Նա գրեթե ոչինչ չի հասկանում։ Միայն սերն է, որ ամեն տարիքում էլ հասանելի է։ Տղան միայն սիրով կարող էր իր հորը շնորհակալություն հայտնել ու, երբ նա մտավ սենյակ և գրկեց իր հորը, ամեն ինչ կարծես փափկեց միանգամից։
Որքան էլ փոքր թվա տղայի սիրտը, ինչպես արշալույսը հեռավոր բլուների վրա, նա իրականում շատ մեծ է։ Մի մեծ սիրտ լցված սիրով և ջերմությամբ։ Նա շատ անկեղծ է և այդքանից հետո էլ, մեկ է, սիրում է իր հորը: 
Չէ՞ որ արևն էլ ցուրտ օրվանից հետո, աառավոտյան լուսավորում է երկիր մոլորակը և ջերմություն պարգևում ամենքիս։ 
Երբեք մի խորացեք մանրուքների մեջ, հասկացեք, թե իսկապես ինչն է ձեզ համար կարևոր և պահպանեք դա։

Ես շատ լավ հասկանում եմ տղայի հորը։ Ես էլ կարող է նրա նման կոպտել այն մարդկանց, ում շատ եմ սիրում՝ մանրանալով ամեն ինչի մեջ։ Բայց այդպես չի կարելի։ Փոշմանում եմ, որ կոպտելուց հետո շատ անգամ չեմ գնացել ու չեմ գրկել այն մարդուն, ում նեղացրել եմ։ Երբեմն էլ չափից շատ լավ եմ լինում այն մարդկանց հետ, ովքեր արժանի չեն դրան։  Զղջում եմ սխալ մարդկանց հանդեպ ունեցած սխալ վերաբերմունքիս համար։

No comments:

Post a Comment