2 September 2016

Ամենուրեք փնտրիր բարին

Մեզանից յուրաքանչյուրը մյուսների համար փակ գիրք է:
Դա է պատճառը, որ չենք տեսնում մեկս մյուսի բարությունը ու համարում ենք «անհետ կորած»: Արդյոք՞ հնարավոր է չտեսնել բարին, բայց տեսնել չարը, վատը: Իհարկե, չարությունը ի ցույց չեն դնում, ինքն է լույս աշխարհ գալիս, իսկ բարությունը պետք է փնտրես ու գտնելուն պես աչքի լույսի պես պահես, փայփայես:
Ես էլ եմ փակ գիրք, մինչև չկարդաս` չես տեսնի, չես հասկանա: Գիրքս ունի էջեր, կեսը՝ լրացված, կեսը՝ ոչ: Լրացվածները ապրածս տարիներն են, իսկ չլրացվածները այն տարիները, որ պետք է ապրեմ: Գիտե՞ ք, գիրքը չի կարող վատը լինել, ընթերցողն է վատը: 
Բոլորը ծնվում են բարի, հասարակությունն է փչացնում ու վատը դարձնում: Բարին ու չարը հանդիպում են՝ ինչպես գրքերում: Բարին հաղթում է չարին, եթե ունես մի փոքր անկյուն քո տիեզերքի մեջ, որտեղ ամուր պահում ես այն մարդկանց, ում փակ գրքերի էջերում գտել ես այն լուսավոր կետը՝ բարությունը: 
Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել… Դա ամենամեծ զենքն է, որ երբևիցէ կարող ես ունենալ: Ի վերջո, մարդը ուժեղ է, երբ գիտակցում է իր բարությունը: 
Մարդը իր կյանքի ժամերը պետք է ապրի այնպես, որ ինքն իրենից գոհ մնա, գոհ մնա իր ապրած կյանքից: 
Իմ կյանքի ժամերն անցնում են, բայց ես շարունակում եմ փնտրել բարին ու հենց հայտնաբերեմ, կհանեմ լույս աշխարհ իր թաքստոցից, որ բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից: Սարոյանի խոսքերն են՝ սիրուն՜, տպավորիչ՜: Տեսնես նրան հաջողվե՞լ է գտել բարությունը, տեսե՞լ է, որ մարդիկ կարողանում են ցույց տալ իրենց ունեցածը:  
Ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

No comments:

Post a Comment